«Ժողովուրդ» թերթը գրում է. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց դեռեւս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե հայկական կողմը քանի զոհ, գերի ու անհետ կորած ունի: Եթե գերիների պարագայում թվերի անճշտությունը ինչ-որ առումով հասկանալի է (Ադրբեջանը երբեք էլ հստակ թիվ չի ներկայացրել), ապա զոհվածների ու անհետ կորածների պարագայում որեւէ կերպ ընկալելի չէ՝ ինչու մինչեւ այժմ հստակ թվեր չեն ներկայացվում:
Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկօրյա սադրանքի հետեւանքով Հայաստանը, ցավոք, բացի տարածքային կորուստից, նաեւ մարդկային կորուստներ է ունեցել, բայց երեք օր անց դեռեւս հստակ չէ՝ դիրքապահ տղաներից քանիսն են ռազմագերի, քանիսը՝ զոհված: Եթե ապավինենք պաշտոնական տեղակատվությանը կամ պաշտոնյաների կողմից ներկայացվող թվերին, ապա ոչինչ էլ չենք իմանա, հակառակը՝ ավելի կխճճվենք:
Մինչ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16-ին հայտնում էր, թե «հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույն օրը նշում էր, թե «դեռեւս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ եւ 7 գերեվարված անձ։ Նրա ասածը վերահաստատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը»՝ գրելով, թե «փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ»:
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտնեց մի քանի գերու ու ավելի քան 20 անհետ կորածների մասին, որոնց ճակատագիրը, ըստ ՊՆ-ի, անհայտ է: Թե իրականում ինչ է կատարվել անհետ կորած 24 տղաների հետ, ցավոք, կարելի է ենթադրել, բայց փաստ է, որ անգամ պաշտոնյաների հաղորդած տեղեկություններն են հակասող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում