Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեղափոխվել է բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, ներկայումս նրա վիճակը կայուն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկը, փոխանցում է «Նովոստի–Արմենիան»։
Սահակաշվիլին, ով արդեն 49 օր է, ինչ հացադուլ է անում, այսօր ավելի վաղ փաստաբանների հետ հանդիպումից հետո կորցրել էր գիտակցությունը եւ պատգարակով դուրս բերվել տեսակցությունների սենյակից։
«Դա գիտակցության կարճատեւ կորուստ էր, արյան բարձր ճնշում եւ գլիկեմիկ անկայուն ցուցանիշներ: Նա վերակենդանացման բաժանմունքում է, եւ այնտեղ հերթապահում է ռեանիմատոլոգը։ Նա լիովին կարողանում է հաղորդակցվել»,- ասել է բժիշկը:
Բժիշկը հավելել է, որ գիտակցության կարճաժամկետ կորստի պատճառները հայտնի կդառնան մի շարք հետազոտություններից հետո։
«Օքսիգենացիայի, հեմոդինամիկայի եւ շնչառության ցուցանիշները բացարձակ նորմայի մեջ են… Կարճատեւ վերակենդանացման գործողություններից հետո նրա վիճակը կայունացել է»,- հավելել է նա։ Մասնագետը չի ներկայացել։ Նա ընդգծել է, որ այսօր «պատահաբար է հայտնվել» Գլդանիի բանտում։ «Ես եկել էի հիվանդի մոտ, եւ դա տեղի ունեցավ»,- հավելել է բժիշկը:
Փաստաբան Նիկա Գվարամիան վստահեցրել է, որ Սահակաշվիլիի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ «Այժմ Սահակաշվիլիի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ես եղել եմ հիվանդասենյակում եւ պատմում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքերով»,- ասել է Գվարամիան։ Նա նշել է, որ բժիշկներն օպերատիվ են արձագանքել։ «Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան, բայց ես չգիտեմ, թե դա որքան կտեւի»,- նշել է Գվարամիան:
Նախօրեին Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիային կից բժիշկների խումբը Սահակաշվիլիի վիճակը գնահատել էր ծայրահեղ ծանր՝ խորհուրդ տալով նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց։ Նրանց եզրակացության համաձայն՝ տեւական հացադուլի հետեւանքով հիվանդի մոտ առաջացել է Վերնիկեի էնցեֆալոպաթիա, պրոգրեսիվ հիպոկալեմիա, թալասեմիա, աղեստամոքսային արյունահոսության մեծ հավանականություն կա։