Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո, այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: