Գագիկ Ծառուկյանի «Օնիրա քլաբ»-ը, որ շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, դատարանում հաղթել է Պետեկամուտների կոմիտեին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Պետեկամուտների կոմիտեի ու Ծառուկյանի միջև վեճը սկսվել էր 2020-ին՝ այն պահից, երբ կորոնավիրուսով պայմանավորված եղան սահմանափակումներ, ու «Շանգրի լա»-ի գործունեությունը կանգ առավ։ Հայաստանում խաղատների գործունեության կազմակերպման համար վճարվում է պետական տուրք՝ եռամսյակը մեկ։ Համավարակի հետևանքով խաղատան գործունեության դադարեցումից ի վեր «Օնիրա քլաբ»-ը չի վճարել պետտուրքը, իսկ ՊԵԿ-ը կազմել է ակտեր ու պահանջել վճարել տուրքը։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ ակտերը, և սեպտեմբերի 22-ին դատարանը բավարարել է ընկերության հայցը։
Սրան զուգահեռ կա մեկ այլ դատական գործ, որը վերաբերում է խաղատան լիցենզիային. հաշվի առնելով, որ անհրաժեշտ տուրքը «Օնիրա քլաբ»-ի կողմից չէր վճարվել, ֆինանսների նախարարությունը անվավեր էր ճանաչել խաղատան լիցենզիան, հետագայում «Օնիրա քլաբ»-ն իր հերթին դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել լիցենզիան դադարեցնելու ֆինանսների նախարարության որոշումը։ Հայցը բավարարվել էր, ու դատարանն անվավեր էր ճանաչել ֆինանսների նախարարության որոշումը։
«Օնիրա քլաբ»-ի շահերի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ կորոնավիրուսի ժամանակ խաղատունը չի գործել, մեկ եռամսյակի համար տուրք վճարել են, բայց հետո դիմում են ներկայացրել ՊԵԿ՝ տեղեկացնելով, որ խաղատունը գործունեություն չի ծավալվում պետության որոշման պատճառով, հետևաբար տուրքը վճարել չեն կարող։ «Դրան հետևեցին գործընթացներ, մեր լիցենզիան դադարեցրին, վիճարկեցինք, լիցենզիան վերագործարկվեց։ Բայց մենք գործունեություն չենք ծավալել, ի՞նչ լիցենզիայի գումար են մեզ առաջադրում»,- նշեց Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ «Շանգրի լա»-ն չի աշխատել ոչ թե տնտեսվարողի, այլ կառավարության մեղքով, հետևաբար տուրքի վճարում պահանջելը տրամաբանական չէ։ Փաստաբանի փոխանցմամբ՝ ներկայում ևս «Շանգրի լա»-ն չի աշխատում, քանի որ դատական գործընթացներ են, ու կա վախ, որ աշխատանքի դեպքում գործունեությունը կարող է համարել որպես ապօրինի խաղատուն։ «ՊԵԿ-ը վարչական վերաքննիչ դատարանում վիճարկել է դատարանի որոշումը, բայց տեղեկություն չունեմ՝ վարույթ ընդունվել է հայցը, թե ոչ»,- տեղեկացրեց Սմբատ Մինասյանը։
«Օնիրա քլաբ»-ը բացի «Շանգրի լա» խաղատնից, որն ամենամեծն է Հայաստանում, շահագործում է նաև «Փարավոն» ժամանցային խոշոր համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։ «Օնիրա քլաբ»-ի բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ «Օնիրա քլաբ»-ը, ըստ ՊԵԿ-ի, այս տարվա ինը ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա։ Անցյալ տարի ընկերությունը վճարել էր 1,6 մլրդ դրամ հարկ, իսկ 2019-ին՝ 5,2 մլրդ։
Բացի Պետեկամուտների կոմիտեի ու ֆինանսների նախարարության հետ դատական վեճերից, «Օնիրա քլաբ»-ին առնչվող քրեական գործ է քննվում Ազգային ավտանգության ծառայությունում. 2020-ին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ընկերությունն օգտվելով կառավարության ընձեռած հնարավորությունից՝ առանց հատուկ լիցենզիայի ապօրինի խաղատուն է շահագործել «Շանգրի լա»-ի տարածքում ու պետությանը այդպիսով պատճառել մոտ 30 միլիարդ դրամի վնաս։ Սմբատ Մինասյանի խոսքով՝ այս գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ ապօրինի խաղատուն, ըստ փաստաբանի, չի գործել, նույն ընկերության տարածքում, նույմ հասցեում, նույն իրավաբանական անձով, մեկ դրամարկղով եղել է այլ խաղատուն, որը ապօրինի չէ։