Search
Close this search box.

Միշուստինը ժամանել է Երեւան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երեւան։ Այցը կտեւի երկու օր՝ նոյեմբերի 18 եւ 19։ Երեւանում Միշուստինը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։

Ժամանելուց անմիջապես հետո Միշուստինը զրույց կունենա Ղրղզստանի վարչապետ Աքըլբեք Ժապարովի հետ, ապա հանդիպում՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա նեղ կազմով Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Ընդլայնված կազմով նիստը կկայանա նոյեմբերի 19-ին։

Կայանալիք հանդիպումը կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ աշխատանքի սկզբից 29-րդը եւ չորրորդն այս տարի։

2021 թվականին նախորդ նիստերը կայացել են փետրվարի 5-ին Ալմաթիում, ապրիլի 29-30-ին Կազանում եւ օգոստոսի 19-20-ին Չոլպոն-Աթայում։

Օրակարգում են միության շրջանակում ինտեգրման խորացման ակտուալ խնդիրները։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի մատակարարմանը, ինչպես նաեւ միության անդամ երկրներին դեղերի եւ դեղագործական նյութերի մատակարարմանը։ Նիստում կքննարկվեն ԵՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական օրակարգի համատեքստում»,-ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL