Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար», — նշել է Աբրահամյանը։
Նշենք, որ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։