Կյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դպրոցն աշխատել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
«Հիմա հանգիստ է ամեն ինչ, մտահոգիչ ոչինչ չկա։ Թշնամին նորից հետ է քաշվել, մենք հետ ենք վերցրել մեր դիրքերը։ Մեր գյուղն անմիջապես մեր դիրքերի մոտ է տեղակայված»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ զինվորները սարի պես կանգնած են իրենց առջև ու իրենք իրենց պաշտպանված են զգում։
«Համայնքն է այսօր զինվորին նայում, զինվորն էլ համայնքին է նայում։ Մեր զինվորն այստեղ էնպես է նստած, որ պատկան մարմիններն էլ պետք չեն։ Մենք իրենց ենք օգնում՝ իրենք էլ մեզ, մեռնեմ իրենց կյանքին»,-ասաց Պետրոսյանը։
Բնակավայրի ղեկավարն ասաց, որ տրանսպորտի խնդիրներ չունեն ոչ իրենք, ոչ զինվորները և որ կապը Սիսիանի հետ անխափան գործում է, Սիսիանը բնակավայրից ընդամենը 6 կիլոմետր է հեռու։ Սիսիանի Անգեղակոթ բնակավայրի ղեկավար Արմենակ Մարկոսյանը ևս նշեց, որ իրենց բնակավայրում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: