Search
Close this search box.

Վերջին տվյալները. Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության առումով առաջատարն է Կապանը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք մարզերում ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության առումով առաջատարն է Կապանը: ԿԸՀ տվյալներով՝ Կապան խոշորացված համայնքում 14.00-ի դրությամբ քվեարկել է արդեն ընտրողների 38,69 տոկոսը (12243-ը 31664-ից): Հենց Կապանում, որտեղ Ավագանու ընտրությունները, Իջեւանի եւ Ստեփանավանի հետ մեկտեղ, առաջին անգամ անցկացվում են համամասնական համակարգով, ծավալվել է ամենասուր պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նորաստեղծ արմատական ընդդիմադիր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության մեջեւ: Վերջինի ցուցակը գլխավորել է Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Լիովին հակառակ պատկերն է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, որն ընտրողների մասնակցության առումով աութսայդերներից է: Այդտեղ 14.00-ի դրությամբ քվեարկել է խոշորացված համայնքի 17,01 տոկոսը (5629 քաղաքացի 33090-ից):

Կուսակցական ցուցակներով առաջին անգամ ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում, որտեղ 14.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 19,29 տոկոս (2572 ընտրող 13333-ից):

Նոյեմբերի 14-ին հին մեծամասնական համակարգով նաեւ անցկացվում են երկու գյուղապետերի ընտրությունները՝ Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում եւ Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրում: Արզնիում 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 11,4 տոկոսը (234 քաղաքացի 2052-ից), իսկ Լերմոնտովոյում՝ 13,55 տոկոսը (92 ընտրող 672-ից):

Ընդհանուր առմամբ նշված բնակավայրերում ընտրողների մասնակցությունը կազմել է 25,71 տոկոս (29770 ընտրող 80798-ից):

18.00-ին, այսինքն՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ կհրապարակվեն 17.00-ի դրությամբ ընտրողների ակտիվության մասին տվյալները:

Please enter a valid URL