Այսօր ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանի կինը՝ Սուսաննան, տեղեկություն չուներ ամուսնու գտնվելու վայրի և որպիսության մասին:
«Չգիտեմ, ճիշտն ասած, լավ վիճակում չեմ, շատ ահավոր վիճակում եմ», — ասաց նա 24News-ին ու չշարունակեց խոսակցությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցիների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:
Արցախի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է: