1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին առաջին տեղական ինքնակառավարման մարմինները:
Սիրելի՛ համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
Պատմական զարգացման 25 տարիների ընթացքում համակարգն ինստիտուցիոնալ զարգացման երկար ճանապարհ է անցել:
Այժմ Հայաստանում զարկ է տրվել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների չափազանց կարևոր փուլի, որի նպատակը ավելի զարգացած, կայուն, տնտեսապես հզոր ու բարեկարգ համայնքներ ունենալն է. համայնքներ, որտեղ ապրելն էլ ավելի հաճելի կլինի:
Համայնքների միավորման գործընթացն անշեղորեն երաշխավորելու է տեղական ինքնակառավարման անկախությունն ու ՏԻՄ-երի գործունեության ինքնիշխանությունը: Տեղական ժողովրդավարության զարգացմամբ ու պահպանմամբ մենք վստահաբար կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման ռիթմին զուգահեռ:
Կրկին շնորհավորում եմ խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք ի շահ մեր համայնքների, մեր մարզի ու մեր պետության:
Հարգանքներով՝
Ռազմիկ Պետրոսյան