Search
Close this search box.

Ո՞ւմ և ինչի՞ համար էր պետք Քոչարյանի կազմակերպած ողորմելի հանրահավաքը

Երեկ «Հայաստան» դաշինքը հանրահավաք էր հրավիրել, որի նպատակն, այսպես կոչված, դիմադրության շարժման հիմք դնելն էր: Կարելի է կարծել, որ մինչ այդ դիմադրություն չկար, բոլորը համակերպված էին նիկոլական ռեժիմի հետ, երեկվանից նոր միայն հիմքը դրվեց: Պարզ է, որ երեկվա հանրահավաքը դիմադրության հետ ոչ մի կապ չունի, քանի որ դիմադրությունը հանրահավաքով չեմ հիմնադրում կամ լուծարում, իսկ միջոցառման կազմակերպումը ընդամենը երկու իրար փոխկապակցված նպատակ էր հետապնդում:

Արդեն տևական ժամանակ հասարակական տարբեր շրջանակներ խորհրդարանական ընդդիմությանը և հատկապես «Հայաստան» դաշինքին, որպես ամենամեծ խմբակցություն, մեղադրում են իշխանության օրակարգը սպասարկելու մեջ: Իշխանությունից դժգոհ և «Հայաստան» դաշինքին ձայն տված քաղաքացիները տրամաբանական հարց են հնչեցնում, թե ինչով է ընդհանրապես զբաղված դաշինքը խորհրդարանում: Արդյո՞ք իրենք այդ ուժին ձայն են տվել գործող իշխանությանը հեռացնելու նրա խոստման համար, թե խորհրդարանի նիստերին մասնակցելու, կառավարությանը թեկուզ շատ սուր հարցեր տալու, և այդպիսով գործող իշխանությանը լեգիտիմացնելու համար: Պատասխանը առավել քան հստակ է: Այլապես նախկին ընդդիմությունն այդ իմաստով ավելի սուր ու կատեգորիկ էր, քան նորերը: Խոսքը մասնավորպես ԲՀԿ խմբակցության մասին է, որի պատգամավորներից շատերի քննադատությունը և փաստարկված էր, և շատ սուր, իսկ շատ դեպքերում վերածվում էր վիրավորանքի: Բայց ընդդիմադիր էլեկտորատը 2020թ. հունիսի 20-ին ձայն չտվեց ԲՀԿ-ին՝ համարելով, որ այն այդ չափով արմատական չէ, և չի խոստանում օր ու ժամ առաջ իշխանափոխություն իրականացնել:

Մինչդեռ «Հայաստան» դաշինքի լիդերները վստահեցնում էին որ «կռելու» են ու ընտրություններից հետո երկրում բոլորովին նոր իշխանություն է ձևավորվելու: Պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի աչք ուներ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի ունեցած մանդատների վրա, և իր նպատակն այդ տեղերին տիրանալն էր, որն էլ բարեհաջող իրականացվեց, ոչ առանց իշխանության հետ համաձայնության և համագործակցության:

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքն ու իր տերը լավ էլ բավարարված են ընտրությունների արդյունքով և պատրաստվում են 5 տարի խելոք իրենց վրա վերցնել «արմատական», «թունդ» ու «հեղափոխական» ընդդիմության դերը: Պատրաստ են «պարոն վարչապետին» հարցեր տալ, վերցնել խորհրդարանում իրենց հասանելիք պաշտոնները և նույնիսկ բազմասերիանոց պաշտոնակռիվ բեմադրել: Միակ խնդիրը խաբված հասարակությունն է, որը դանդաղ գիտակցում է, որ տեղի է ունեցել հերթական գործարքը և կողմերը պայմանավորվել՝ խորհրդարանն ու ունեցվածքը կիսել են իրենց թիկունքում, որի արդյունքում խորհրդարան անցած և մանդատ ստացած և գայլերն են կուշտ, և գառներն են իրենց ապահով զգում:

Ինչ վերաբերվում է իրեն խաբված ու քցված հասարակության մոլորեցնելուն՝ Քոչարյանն ու իր հեղափոխական թիմը կարծես թե դրա լուծումն էլ են գտել: Պետք է իշխանափոխության տապալումը իրենց գրպանից գցել հասարակության գրպանը: Եվ դրա համար էլ կազմակերպվեց երեկվա ողորմելի հանրահավաքը: Դրանով փորձ է արվում մի կողմից հասարակությանը ասել, թե այնպես չի, որ մենք հրաժարվել ենք իշխանափոխության ծրագրից, տեսեք խորհրդարանից դուրս կա նաև փողոցային պայքար, մենք նաև հանրահավաքներ ենք կազմակերպում, բայց մյուս կողմից էլ հասարակությանն ասում են, թե մենք ինչ մեղք ունենք, որ դուք ակտիվորեն չեք մասնակցում հանրահավաքներին, և դրանք վերածվում են ողորմելի կրկեսի: Ստացվում է, որ իշխանափոխության տապլման համար մեղավորը ոչ թե խորհրդարանական բաղձալի մանդատներին հասած ընդդիմություն է, այլ պասիվ ու հարմարվողական հասարակությունը: Միայն թե, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում առնվազն 40 հազար մարդ հավաքվեց, իսկ նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում տաս անգամ պակաս: Այս հարցի պատասխանը ևս առավել քան պարզ է. այն ժամանակ հանրահավաք կազմակերպողները ցանկացել էին շատ մարդ հավաքել, հիմա լրիվ ուրիշ խնդիր էին լուծվում:

ArmLife.am

Please enter a valid URL