«Տաշիր պիցցա» սննդի ցանցից թունավորվածների թիվը հասել է համարյա 200-ի։ Այս օրերին քննարկվում է ոչ միայն տուժածների առողջական վիճակը, այլ թե ինչպես կարող էր երկար տարիների բարձր վարկանիշ ունեցող մեծ ընկերությունում նման դեպք գրանցվել։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում, թե դեպքը հնարավոր է ոչ թե պատահականության, անփութության արդյունք լինի, այլ դիտավորության հետեւանք։ Ավելի հեռուն գնացողները կարծում են, որ պոտենցիալ մրցակիցները փորձել են «փչացնել» «Տաշիր պիցցայի» համբավը՝ հետագայում ընկերությունը ցածր գնով գնելու նպատակով։
ArmDaily.am-ը կապ հաստատեց «Տաշիր պիցցա» սննդի ցանցերի մարքեթինգային բաժին, որտեղից փոխանցեցին.
«Նման բան չկա, ցանցը չի վաճառվում, իսկ թունավորման պատճառը դեռ հայտնի չէ, սպասում ենք սննդի տեսչական մարմնի պատասխանին, ցանցի աշխատանքների վերսկսման մասին որոշում կկայացվի, երբ տեսչական մարմինը եզրակացություն տա և հայտարարությամբ հանդես գա»։
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է ինչ դեպքը տեղի է ունեցել, բայց հստակ տեղեկություն չկա, թե որ սննդից է թունավորում եղել։ Սննդի տեսչական մարմնից Լրատվականին հայտնել են, որ դեռ զննության փուլում է, հենց բան պարզվի՝ կհայտարարեն։ Իսկ առողջապահության նախարարություն մեր զանգերը օրեր շարունակ անպատասխան են մնում։ Մեր զանգերին չեն պատասխանում նաև «Նորքի ազգային ինֆեկցիոն» կենտրոնից։
Բոլոր հիվանդները նույն ախտանիշներով էին տեղափոխվել հիվանդանոց և, ըստ իրենց վկայության, նույն սնունդն են կերել։ Նախնական տվյալներով՝ թունավորումը տեղի է ունեցել հավի մսից, ոմանք հավով աղցան են համտեսել, ոմանք՝ պիցցա։
Սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանն էլ է ենթադրում ՝ թունավորումը, գուցե, հավից է եղել։
«Կարող է օրինակ հավը սալամոնելեզով վարակված է եղել և ցանցերին նույն հավն է մատակարարվել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Պիպոյանը։
Հիշեցնենք, որ չորս օր առաջ սննդի տեսչական մարմինը հյայտարարություն տարածեց, որ 15 քաղաքացի «աղիքային վարակում» հիվանդությամբ տեղափոխվել են հիվանդանոց ու բոլորը նշում էին, որ սնվել են «Տաշիր պիցցայիում», հետո արդեն թունավորվածների թիվը աճեց՝ հասնելով 172-ի։
Վերջին անգամ թունավորման նման մասսայական դեպք տեղի էր ունեցել երկու տարի առաջ, երբ Արմավիրում «Հայաստանի հողեր» ընկերության 247 աշխատակից թունավորվել էին «սենդվիչից», ինչի մեջ նույնպես հավի միս է եղել։