Search
Close this search box.

«Տաշիր պիցցայից» օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի. նոր տեղեկություններ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի:

Նոյեմբերի 6-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:

32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1-ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:

«Տաշիր պիցցայի» թիմը հայտարարել է․

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Խանջյան 50 և Հյուսիսային պողոտա 18 հասցեներում գտնվող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի կետերը ժամանակավորապես չեն գործում, քանի որ այդ հասցեներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ խնդրի բացահայտման նպատակով։ Մենք մշտապես սերտ համագործակցում ենք համապատասխան տեսչական մարմինների հետ։ Մեզ համար խնդրի բացահայտումը չափազանց կարևոր է, քանի որ մեր հաճախորդների առողջությունը և անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։

Մենք այս պահին զերծ կմնանք հավելյալ մեկնաբանություններից մինչև հստակ տեղեկատվության ստացումը համապատասխան մասնագետների կողմից։

Մասնագետների եզրակացությունից հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։

Please enter a valid URL