Search
Close this search box.

Կերել են սնկով պիցցա. «Տաշիր պիցցայի»՝ Խանջյանի մասնաճյուղում սննդից թունավորված քաղաքացիների թիվը 4-ն է

«Տաշիր պիցցա» սննդային ցանցի՝ Երեւանի Խանջյան փողոցի մասնաճյուղում սննդից թունավորված քաղաքացիների թիվը 4-ն է։ Նրանցից երկուսը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուս երկուսը՝ Մարտունու բժշկական կենտրոնում։ Թունավորվածները քույր եւ եղբայրներ են՝ 18-ից 22 տարեկան։ Նրանցից մեկի՝ Նարեկ Ղազարյանի ընկերուհին՝ Անահիտ Խաչիկյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 4-ն էլ միասին նոյեմբերի 3-ին պիցցա են կերել սննդի կենտրոնում։

«Կերել են սնկով պիցցա, որի անունը կոնկրետ չեն հիշում։ Հաջորդ առավոտյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սրտխառնոց, թուլություն, գլխապտույտ է ունեցել, հետո մյուսներն են սկսել վատ զգալ, դիմել են հիվանդանոց։ Իմ ընկերոջ քույրն ամենավատ վիճակում է եղել՝ 39 աստիճան ջերմությամբ։ Սիստեմաներ են ընդունում, հիմա աննշան փոփոխություն կա, կարողանում են ինքնուրույն շարժվել»,– պատմեց նա՝ նշելով, որ 4-ի վիճակն էլ բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Նշենք, որ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ, միջին ծանր վիճակում։ Նրանցից երկուսը երեխաներ են՝ 10 եւ 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Please enter a valid URL