Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
Ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։
«Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել համաժողովը։
Մասնակիցներն ուրախություն են հայտնել, որ հնարավորություն ընձեռվեց վերականգնելու տարածաշրջանի և Վաշինգտոնի իրենց գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու ավանդույթը։
Նմանօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում 2019 և 2018թթ․։