Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ:
«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով։
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:
Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով առանձին կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկվում է աշխատողների՝ աշխատավայր ներկայանալիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացման պարբերականությունը ներկայիս 14 օրվա փոխարեն 7 օր սահմանելու հարցը։
Քննարկումների ավարտից հետո իրավական ակտերի նախագծերը կամփոփվեն և կներկայացվեն նաև շահագրգիր կողմերին՝ կարծիքներ և առաջարկություններ ստանալու համար»,- նշված է հաղորդագրությունից: