Հայաստանի կապիտուլյանտ և ռենեգատ ղեկավարությունը, ինչպես նախորդ տարի նոյեմբերի 9-ին, այնպես էլ հիմա շարունակում է ազգային շահի հաշվին իրականացնել զիջումներ։ Դրանք բացառապես կոչված են սպասարկելու օտարներին, ըստ այդմ` hայրենիքի սահմանների ու արժանապատվության հաշվին երկարաձգել խամաճիկների իշխանավարումը։ Աշխարհաժողով նախաձեռնությունը հայտարարում է՝
• Ազգային ուժերի համար ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, այնպես էլ 2021-ին նոյեմբերի 9-ին սպասվող համաձայնություններն առ ոչինչ են` անկախ նրանց վավերացման բնույթից, քանի որ դրանցով խախտվել է հայ ազգի և հայոց պետականության բնական իրավունքը։ Արցախը և Սյունիքը (մինչև 2021-ի սեպտեմբերի 27-ի սահմաններով) հայրենիքի և հայոց պետականության անբաժանելի մասն են։
Հետևաբար, ազգային իրական ուժերի առաքելությունը մեր սահմանների արագ ու անզիջում վերականգնումն է։ Այն առաջնային օրակարգ է, որն ընդունող ներքին և արտաքին ուժերը դառնում են հայկականության բնական դաշնակիցները։
• Նախորդ 1 տարվա փորձը ցույց է տալիս, որ «սահմանադրական» եղանակով իբր պայքարը՝ հրապարակում, ընտրություններում և այլ մեթոդներով, ոչ միայն արդարացված չէ, այլև ուղղակի սպասարկում է ներկա խամաճիկների վերարտադրությանը։ Այդպիսի պայքարի անհնարինությունը բազմակի անգամ Աշխարհաժողովի կողմից բարձրաձայնվել է՝ հիմք ընդունելով և խորապես հիմնավորելով մեր հավաք գիտակցության աղճատված իրավիճակը, ազգային դիմադրողականության (իմունիտետի) ներկա վիճակը, գործակալական ցանցերի առկայությունն ու առատությունը, և մորթապաշտության աստիճանն՝ առանձին «գործիչների» մասով։ Նման փորձերի կրկնությունն այս պարագայում բացահայտում է դավաճանական ընդհանուր սցենարի ողջ դերակատարներին։ Այնուամենայնիվ, դեռ պայքարը ավարտված չէ և մարզերում այլընտրանքային իշխանությունների ձևավորման հարցը դեռ մնում է առավել քան արդիական։ Ինչպես բազմիցս նշել է Աշխարհաժողով նախաձեռնությունը, թիվ մեկ առաջնահերթությունը՝ Շիրակ-Սյունիք-Արցախ-Տավուշ հայրենատիրական դաշտի սյուների ձևավորումն է։
Հետևաբար, ազգային իրական ուժերի համար առաջնայինը մնում է տեղերում ինքնակազմակերպումը, որպեսզի բացառվեն դավաճանական նոր սցենարներ և վերանվաճվեն հին սցենարների կորուստները։ Ըստ այդմ, Սյունիքում՝ Տաթևում, Արտակարգ Աշխարհաժողովի կազմակերպումը դառնում է օրհասական առաջնահերթություն։
• Հայաստանի ռենեգատ իշխանությունների հետագա գործունեությունը չեզոքացնելու համար առաջնայինը շարունակում է մնալ մեր գիտակցության, բանականության մաքրումը դրանց իշխանությունից։ Մենք կրկին հայտարարում ենք, որ խոսքից գործի անցնելու, օբյեկտից սուբյեկտ դառնալու ճանապարհին անհրաժեշտ Է մաքրել հանրային գիտակցությունը ամեն տեսակ արհեստականորեն ներդրված աղբից, մանիպուլյատիվ կաղապարներից և ապավինվել բուն ազգային արժեքներին, որոնք քննություն են անցել հազարամյակների ընթացքում և ապահովել են մեր հարատևությունը բոլոր ժամանակներում։Այս ուղղությամբ Աշխարհաժողով նախաձեռնությունը դեռ օգոստոսի 11-ից, շուրջ մեկ ամիս շարունակ, իրականացրել է ակտիվ-ագրեսիվ պլակատային քարոզարշավ, որտեղ ընտրության պարտադրանքի առաջադրմամբ ներկայացվել է հայկականության արժեքային հիմքերը, դրանց թիրախավորման մեթոդները, ազգային-պետական շահն ու դրանց հակազդող գործիք-գործիչները։
Հաշվի առնելով ներկա իրավիճակի կործանարար բնույթը՝ մենք վերամեկնարկում ենք պլակատային-քարոզարշավի նոր շարք՝ Մեր միասնական Հայրենիքը խորագրով։
Աշխարհաժողով նախաձեռնությունը խորապես համոզված է, որ հանրային նախաձեռնությամբ ստեղծված խմբերը և կառույցները հրապարակային գործողությունների փոխարեն հսկայական աշխատանք ունեն անելու հատկապես սահմանային գոտիներում։ Այս նպատակով համայնքային ինքնակազմակերպման ծրագիրը, որը հրապարակվել էր այս տարվա մարտին, կարող է և պետք է դառնա ակտիվ ու թիրախային գործողությունների ծրագիր։ Տեղական համայնքների ինքնակազմակերպումից բացի այն ենթադրում է նաև հակաճգնաժամային կառավարման շտաբների կայացում, որոնք կարող են ամբողջ ծավալով իրականացնել ռեալ իշխանությունը տեղերում։
Այս ճանապարհով նաև հող կստեղծվի տեղերում աշխարհաժողովային մարմինների ձևավորման համար։ Ճգնաճամի հաղթահարումից հետո աշխարհաժողովային կառավարման մոդելը թույլ կտա կառուցել իրապես ազգային պետություն՝ հեռահար վեհ նպատակներով ու առաքելությամբ.
Ազգային դիմադրողականության վերականգման համար անհրաժեշտ է մտածող, սրտացավ յուրաքանչյուր հայի պայքարը։ Հենց այսօր, հանուն հայրենիքի դուք պետք է դուրս գաք Ձեր «հարմարավետության գոտուց», վաղը ուշ է լինելու։ Վաղն ընդհանրապես կարող է չլինել։