ԱԺ նախկին պատգամավոր Էդուրադ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, մեր քաղաքական թիմի որոշմամբ գլխավորում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը:
Յուրաքանչյուր աբովյանցի քաջատեղյակ է համայնքի զարգացման գործում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած հսկայական ավանդի մասին, ուստի մենք չէինք կարող անմասն մնալ Աբովյան համայնքի ընտրություններից, անտարբեր լինել նրա հետագա ճակատագրով:
Ինձ համար սա պատասխանատու քայլ է, որին գնում եմ մեր պետության, հայրենիքի համար ստեղծված այս բարդ, ճգնաժամային, հետպատերազմական դժվարությունների շրջանում: Այս որոշումը կայացրել եմ հաստատակամ՝ մեր համայնքի տարբեր բնակավայրերում ունեցած երկարատև քննարկումների, հանդիպումների արդյունքում:
Հարգելինե՛րս, մեր նպատակն է ունենալ «Մարդակենտրոն Աբովյան համայնք», որի հիմքում կլինեն փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:
Բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, զինվոր թե բժիշկ, վիրավորի թե զոհվածի ընտանիք, ուսուցիչ թե բանվոր, երիտասարդ թե տարեց, լինելու են մեր ամենօրյա հոգածության ներքո:
Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես գիտակցում եմ, որ ստանձնելու եմ հսկայական պատասխանատվություն և մեր ժողովրդի՝ ինձ տրված վստահության յուրաքանչյուր քվե ծառայելու է համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը:
Սիրելի՛ աբովյանցիներ, սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, այլ ընտրություն է Աբովյանի զարգացման և ապագայի համար:
Ուրեմն ի գործ՝ հանուն Աբովյան խոշորացված համայնքի, յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքացու: