Search
Close this search box.

Գորիսցիների գլխավերևում՝ Քաչալ սար կոչվող հատվածում, թշնամին ամրաշինական աշխատանքներ է անում

Թշնամին Քաչալ սար կոչվող հատվածում ամրաշինական աշխատանքներ է անում, հաստատվում Գորիսի գլխին:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը նշեց, որ թշնամու ամրաշինական աշխատանքները տեսանելի են անգամ Գորիսի կենտրոնից.

«Փաստորեն, այն, ինչ լրատվամիջոցները գրել էին, տեսանելի է անմիջապես Գորիսից, հակառակորդը այդ սարին ամրաշինական կառույցներ է դնում»,- փոխանցեց նա:

Մեզ հետ զրույցում Կարեն Քոչարյանը նշեց, որ հակառակորդն արդեն տևական ժամանակ է՝ ինչ սկսել է ամրաշինական աշխատանքները, բայց թե ի՞նչ տեխնիկայով՝ տեղյակ չէ:

Փոխքաղաքապետի հաղորդմամբ՝ թշնամու ամրաշինական աշխատանքները անհանգստություն են առաջացնում բնակչության շրջանում.

«Բնակչության գլխավերևում նստած՝ հակառակորդը ամրաշինությունով է զբաղված, ո՞նց կլինի մեր վիճակը, քաղաքացու վիճակը: Ամեն օր աչքի առաջ ամրաշինությունն է, անվտանգության զգացում ունեցող մարդը նայում է այդ սարի վրա, ի՞նչ պետք է զգա»,-ասաց Քոչարյանը:
Իսկ թե արդյո՞ք հայկական կողմն իր դիրքերն ամրացնելու ուղղությամբ աշխատանքներ անում է, Կարեն Քոչարյանը բացասական պատասխան տվեց։

«Տեսանելի ոչինչ չի արվում, ես իրավասու չեմ պատասխանել, բայց տեսանելի ոչինչ չի արվում»:

Դիտարկմանը, որ իշխանությունը հավաստիացնում էր, թե հակառակորդը որևէ ամրաշինական աշխատանք չի անում մեր տարածքում, Կարեն Քոչարյանը նշեց՝

«Այդ ամենը տեսանելի է, էլ ի՞նչ բացատրեմ: Ես չեմ կարող ասել՝ իշխանությունները ստո՞ւմ են, թե՞ մանիպուլյացիա անում, չեմ կարող ասել»,-եզրափակեց Կարեն Քոչարյանը:

Please enter a valid URL