Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում: Կրկին ողջունում եմ Ձեզ»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի կենսագրություն ունեցող անձնավորության հետ, ինչպիսին Դուք եք: Մինչ Պաշտպանության նախարար դառնալը, ես եղել եմ այն նախարարի տեղակալը, որը հետո դարձավ վարչապետ, և ուրախ եմ, որ նրա հետ Ձեր հարաբերությունները հիմք են՝ մեր համագործակցությունը շարունակելու համար: Իմ այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այս առաջընթացը, իհարկե, կլինի չընդհատվող, շարունակական: Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ»:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար: Երկկողմ կապերի զարգացման և առկա ներուժի իրացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Ջուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: