Search
Close this search box.

Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք. Արմեն Մուրադյան

Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից 62 մահ ունենք:

Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։

Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։

Եվ այսպես, եկեք սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները, հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը, անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:

Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:

Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին… Կեցցեք, դուք:

Բոլորիս առողջություն!!!

Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,

Ծանր վիճակում՝48 քաղաքացի։

Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է», – գրել է Մուրադյանը։

Please enter a valid URL