Search
Close this search box.

Նոր նախագիծ. առաջարկվում է գլխավոր դատախազին ու նրա 4 տեղակալներին աշխատավարձի 90-120 %-ի չափով ամսական հավելավճար տալ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Այս մասին նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալի պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90%-ով,գլխավոր դատախազի տեղակալի համար 100%, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար ևս 100 %։

Նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15 է, բազային աշխատավարձը 66 140 դրամ է, ստացվում է գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 992 100 դրամ է` հարկերով։ Տեղակալների համար սահմանված է 11 գործակիցը, ամսական աշխատավարձը կազմում է 727 540 դրամ։

Որոշումն ընդունելու դեպքում հավելավճարները կտրվեն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի հետ։

Please enter a valid URL