Վաղվանից փողոցներում կրկին մեկնարկելու է ոստիկակական տեռորի աշուն-ձմեռ եթերաշրջանը։ Մարդիկ տուգանվելու են բաց տարածքներում դիմակ չկրելու համար ու ոստիկանները հերոսաբար ասֆալտին են ծեփելու առավել անհնազանդներին։ Օրերս եմ վերադարձել եվրոպական մի քանի երկրից. ո՝չ Ավստրիայում, ո՝չ Ֆրանսիայում ու ո՝չ էլ Հոլանդում բաց տարածքներում դիմակ կրելու որեւէ պարտադրանք չկա, քանզի այդ երկրների իշխանությունները ադեկվատ են ու գիտեն, որ բաց տարածքում դիմակ կրելը որեւէ կապ չունի քովիդի տարածման շղթան կոտրելու հետ։
Երեւանյան երթուղիները մարդկանց ծանրությունից 45 աստիճան թեք անկյան տակ են գնում, մարդիկ իրար վրա շարված՝ հիմնականում առանց դիմակ, հասցնում են օրվա մեջ մի քանի անգամ վերավարկվել, իշխանության ջեբի օլիգարխների մոլերում հելոուինի լոտոներ են խաղարկվում ու, բնականաբար, առանց դիմակ, նախագահականում մտքի գիգանտների անդիմակ փարթի են անում ու լկտիաբար ստում, թե ներկաները ՊՇՌ թեսթով են մտել, երբ մասնակից նախարարներից մեկն ինձ ասաց, որ դա, բնականաբար, պրիմիտիվ սուտ էր, ու էս ֆոնին վաղվանից սկսվում է փողոցային մարտերի նոր եթերաշրջանը։
Ինչի՞ իշխանությունը չի ընտրում գրագետ ու առանց ասֆալտին փռելու ճանապարհը, օրինակ՝ առանց պատվաստման QR կոդի թույլ չտալ մտնել ռեստորաններ, սրճարաններ, մոլեր, մանր ու միջին դյուքաններ, ինչպես անում են ադեկվատ երկրներում։
Ես դավադրապաշտ չեմ, սակայն սրան երկու պատասխան կա՝ կա՝մ իշխանության ողջ պիրամիդայում գոնե մեկ ադեկվատ առանձնյակ համառորեն չի պեղվում, կա՝մ՝ առաջիկայում արտաքին քաղաքական նոր «էքշըններ» են սպասվում, որոնցից շեղելու համար պահանջվում է ընդամենը երեք կոմպոնենտ՝ անդիմակ մարդ, հերոսաբար մաքառող ոստիկան ու պատահական անցորդ, ով սոցիալական ցանցերը կշեղի հեթական new-ոստիկանի ասֆալտածեփումով։
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս հաստատել է, որ բաց տարածքներում դիմակ կրելու որեւէ անհրաժեշտություն չկա։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյան