Փրկված զինվորի մոր Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը Փրկարարին:
Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:
Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:
Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:
2020թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում:
Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր… ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:
Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:
Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս:
Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:
Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրասատակամություն և հույս էինք տեսնում:
Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգտարության համար:
Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն