Search
Close this search box.

«Փաստ». Վարչապետի աշխատակազմում կրճատումներ կլինե՞ն, ովքեր են հարվածի տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսին արդեն տեղեկացրել են հունվարի 3-ից աշխատանքից ազատվելու մասին։ Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 աշխատակցի մասին է:

Կրճատվողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիմնականում երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներ են։ Մեր ունեցած տեղեկություններով, Հարությունյանի այս նախաձեռնությունն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ. վերջինս խորհուրդ է տվել չշտապել և ավելի մանրամասն կշռադատել նման որոշում կայացնելուց առաջ, սակայն Հարությունյանն ամեն ինչ անում է վարչապետին համոզելու համար։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն դա այդպես էլ չհաջողվեց մեզ: Կփորձենք նաև երկուշաբթի և պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL