«Հետք». 2021թ․ հոկտեմբերի 1-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պետական գնումների armeps.am համակարգում հրապարակված պայմանագրի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց Պաշտպանության նախարարությանը մատակարարել 4000 տոննա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք: ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։
Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին։ Պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա օգոստոսից, և ընկերության առաջին գնորդը, ըստ armeps.am-ի, կրկին եղել է Պաշտպանության նախարարությունը, որն այդ ժամանակ «Մեգա Թրեյդից» կրկին վառելիք է գնել՝ մոտ 1,3 միլիարդ դրամի դիմաց։
«Մեգա Թրեյդի» ծառայություններից այս ընթացքում օգտվել են նաև դատախազությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը և այլն։
Ընդհանուր առմամբ, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև այժմ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է 9 պայմանագիր, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 919 մլն դրամ, որից 6 մլրդ 778 մլն-ը ապահովել է Պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն նշեցինք, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմնադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։
Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: