Search
Close this search box.

Սանասարի և Կովսականի՝ Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ․ Տիգրան Աբրահամյան

Սանասարի և Կովսականի՝ Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Սյունիքում նախորդ տարվա վերջին հայկական զորքերն իր որոշմամբ են հետ քաշվել, հակառակ դեպքում ռազմական գործողություններ կարող էին լինել։ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ վերոնշյալ երկու շրջանների հանձնումը որևէ ձևով չեն տեղավորվում նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանության և որևէ պայմաններում հանձնման ենթակա չեն եղել։

«Երկրորդ, հանձնման պարագայում նույնիսկ չեն էլ բանակցվել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները, որովհետև դրանք հարցի տարբեր ենթակետերն են։ Որևէ մեկը հաշվի չի առել, թե այդ շրջանների հանձնման պարագայում ինչ իրավիճակում ենք հայտնվելու մենք։ Երբ խոսում ենք այն մասին, որ եթե դա չհանձնվեր, պատերազմ կլիներ, հիմա նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող էր ասել՝ եկեք հանձնեք Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Մեղրին։ Հիմա արդյոք պետք է Հայաստանի՝ այդ պահին գործող իշխանությունն առաջնորդվի այդ սկզբունքով և հանձնի այդ շրջանները՝ մեզ որպես պատճառ ներկայացնելով այն, որ հակառակ դեպքում կլիներ պատերազմ։ Կա նաև երկրորդ գործոնը՝ Ադրբեջանի պահանջները, կապված, օրինակ, միջանցքի հետ, կապված տարբեր տարածքների նկատմամբ հավակնությունների հետ, կապված կոնկրետ Արցախի հարցի հետ, որն իրենք արդեն համարում են լուծված։ Եթե մենք առաջնորդվենք այս սկզբունքով, ապա բնական է, որ որևէ հարցում հաջողության հասնելու որևէ շանս չունենք»,- ասաց Աբրահամյանը։

Please enter a valid URL