Երեւանում, հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։