Եվրոպական հանձնաժողովը հինգշաբթի որոշում է կայացրել, որի համաձայն COVID-19-ի դեմ պատվաստման Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի վկայականները համարժեք են Եվրոպական միության COVID-ի թվային վկայականներին։
«Լավ լուր ճանապարհորդների համար։ Այսօր մենք երկու նոր որոշում ենք կայացրել, որոնք հաստատում են, որ Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի կողմից թողարկված COVID-19-ի վկայականները համարժեք են ԵՄ-ում COVID-ի թվային վկայականներին»,- ասվում է Twitter-ում ԵՀ-ի հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Եվրահանձնաժողովի տվյալներով, չորս մայրցամաքների արդեն 45 երկրներ միացած են ԵՄ սանիտարական վկայականների համակարգին։
COVID-ի թվային վկայականների համակարգը ԵՄ-ում սկսել է գործել հուլիսի 1-ից։ Այս փաստաթղթում կմուտքագրվեն երեք տեսակի տվյալներ՝ պատվաստման, կորոնավիրուսային վարակի բացասական թեստի, ինչպես նաեւ COVID-19 հիվանդությունից ապաքինման մասին։ Սա անվճար վկայական է ԵՄ բոլոր քաղաքացիների համար, ովքեր կարող են ստանալ այն կամ թվային, կամ թղթային՝ տպագիր տարբերակով: