Այսօր Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանական կողմը գողացել է տեղի բնակիչներից մեկի 3 ձին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խնածախի ղեկավար Անուշավան Հովակիմյանը։
«Առավոտյան 7։30-ի կողմերում 3 ձի անցել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող տարածք, նրանք էլ գողացել են ձիերին։ Մինչև կապել են մեկին, նրա երկու ձագերը փախել, հետ են եկել։ Երկու ձիերը եկել են մեր դիրքապահների մոտ հասել, իսկ դիրքապահներն էլ ինձ են զանգել, և ձիերը վերադարձրել ենք տիրոջը»,–ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով` դեպքի մասին արդեն իսկ տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, և նրանք քայլեր են ձեռնարկում երրորդ ձիուն վերադարձնելու ուղղությամբ։
Հովակիմյանը նշեց` ամիսներ առաջ կրկին նման դեպք էր գրանցվել, բայց ռուսների շնորհիվ բոլոր գողացած անուսուններն ադրբեջանցիները հետ են վերադարձրել։
Համայնքի ղեկավարը նշում է, որ բնակիչները պետք է զգույշ լինեն, անասուններին բաց չթողնեն, քանի որ այս պահին այլ լուծում չկա այս խնդրի համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին նույնպես նման դեպք էր տեղի ունեցել` Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից մեկի 11 ձին անցել էր ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։ Դեպքով կրկին խաղաղապահներն էին զբաղվում։