Search
Close this search box.

Եվրամիությունը Հայաստանի երիտասարդ սիրեկանն է. հերթական հարվածը ռուսական հեռուստաընկերությունից

Ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությունում նոյեմբերի 28-ին «Հանդիպման վայրը» հաղորդումը նվիրված էր Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Հարկ է նշել, որ թե հաղորդավարները, թե բանախոսները ողջ հանդիպման ընթացքում փաստաթուղթն անվանում էին ասոցացման համաձայնագիր:
Հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանը նշել է, որ Հայաստանը տնտեսության, անվտանգության ոլորտում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից և այդպիսի կախվածությունը լարվածություն է առաջացնում: Այդ ֆոնին Հայաստանում հոգեբանական բացասական մթնոլորտ է ստեղծվում: Անդրադառանալով հարցին, թե ինչու է Եվրոպային պետք այդ համաձայնագիրը, նա նշել է, որ Եվրոպան ցանկանում է ամբողջ հետխորհրդային տարածքը քաշել Ռուսաստանից: Lragir կայքը գրում է, որ քաղաքագետ Օլեգ Բարաբանովի խոսքով, Հայաստանը Եվրոպային ընդհանրապես պետք չէ: «Նպատակն է սեպ խրել Եվրասիական միությունում: Եվրոպան հասկանալի է, մեզ միշտ վատություն է արել ու անելու է, հարցը Հայաստանին պետք է տալ», — ասել է նա: Նա նշել է, որ Հայաստանը տրոյական ձի է դառնալու Եվրասիական միությունում: «Երբ Հայաստանը մտավ ԵՏՄ, Հայաստանի նախագահը մեկնեց Չինաստան և ասաց՝ կարող եք ձեր ապրանքները Հայաստանով բերել ԵՏՄ», — ասել է Բարաբանովը:
Քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով, Եվրամիությունը ցանկանում է ոչնչացնել ԵՏՄ-ն: Նրա կարծիքով, այս փաստաթուղթը վատթարացնում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ըստ Մարկովի՝ Հայաստանը պահանջներ ունի Ռուսաստանին, Ռուսաստանից ավելի շատ փող է ուզում: «Մենք կոնֆլիկտ ունենք Նժդեհի հարցով: Նա Ադոլֆի Հիտլերի զինակիցն էր, որի հուշարձաններ են կանգնեցվում այնտեղ և նրան ազգային հերոս են կոչում», — ասել է Մարկովը՝ Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար, որ «ռուսական հեռուստաընկերությունները չասեն, որ Նժդեհը նացիստական հանցագործ է»: Մարկովը նշել է, որ Հայստան-ԵՄ փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի պարտություն է, Ռուսաստանի վրա հարձակման նախապատրաստություն:
Հաղորդման ժամանակ հաղորդավարը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի վրա մշտապես ճնշում է գործադրում՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղարաբաղից: Նրա խոսքով, Հայաստանը պահանջել է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ընդգծվի ազգերի ինքնորոշման սկզբունքը, սակայն դա չի արվել, այլ միայն տարածքային ամբողջականությունն է նշվել:
Հաղորդման մի շարք մասնակիցներ տգեղ համեմատություններ են արել՝ Ռուսաստանը ամուսնու, Հայաստանը՝ կնոջ դերում, որն ամուսնուց զարդեր և այլ նվերներ է պահանջում, իսկ Եվրամիությունն էլ երիտասարդ սիրեկանն է:
Հաղորդման Հայաստանին նվիրված հատվածն ավարտելով՝ հաղորդավարը նշեց, որ անցնում են Ռուսաստանի մյուս «ման եկող կնոջը»՝ Բելառուսին:

Please enter a valid URL