Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳ նախարար. Մամուլում քննարկված բովանդակությամբ որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ

Այս պահի դրությամբ որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին չի նախատեսվում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցը վերաբերում էր նաև նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթին, որտեղ, ըստ մամուլի, սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքներին վերաբերող կետեր են։ Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն տարածել էր այս և առնչվող հարցերի մասին, սակայն ինքն ավելին կասի։ Միրզոյանի մեկնաբանությամբ՝ ներկայում և մշտապես տարբեր ձևաչափերի հանդիպումների, բանակցությունների մասին առաջարկներ են լինում։

Այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։ Անդրադառնալով մամուլում հրապարակված երկու քննարկվող հարցերի մասին փաստաթղթի ստորագրմանը՝ Միրզոյանն ասաց, որ չի լինելու։ «Այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, նախ և առաջ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրել հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը հարթել։ Առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության հուշարձանների և բազմաթիվ այլ հարցեր»,- ասաց նախարարն ու շեշտեց, որ ավելի լայն առումով սա հնարավորություն է լիցքաթափելու լարվածությունը տարածաշրջանում և երկարատև խաղաղության հասնել։

Please enter a valid URL