ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին:
«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմանապահ զորքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:
«Այս հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը: