Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որի պատճառը վարակն է: Հիվանդության ախտանշանները ցավոտ են և խաթարում են մարդու բնականոն կյանքը: Բացի այդ այն նաև լուրջ սպառնալիք է երիկամների համար: Ինչպե՞ս կանխարգելել ցիստիտը. պատասխանում է «Արամյանց» բկ ուրոլոգիական ծառայության բժիշկ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:
Ցիստիտն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա աշխարհում յուրաքանչյուր 4-րդ կինը տառապում է այս հիվանդությամբ: Իսկ ինչու՞ են հենց կանայք ավելի հաճախ հիվանդանում: «Կանանց միզուկը կարճ է և մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը դեպի միզապարկ մանրէների թափանցման համար բարենպաստ միջավայր է ստեղծում»,- պարզաբանում է ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը, նաև հավելում, որ ցիստիտի առաջացման պատճառ կարող են լինել երիկամային հիվանդությունները ևս: Ընդհանրապես միզուղիների տարբեր հիվանդություններով պայմանավորված կարող է առաջանալ քրոնիկ ցիստիտ: Այս դեպքում նախ պետք է բուժվի առաջնային հիվանդությունը (ուռուցք, միզաքար և այլն): Իսկ բուն քրոնիկ ցիստիտի սրացումները մեղմացվում են ուրո-անտիսեպտիկներով: Կատարվում է սիմպտոմատիկ բուժում այդ պահին հաճախամիզությունը կամ ցավը, դիսկոմֆորտը անցկացնելու համար: Առաջնային սուր ցիստիտի հիվանդության բուժումը կոնսերվատիվ է, իսկ բուժման սխեման որոշվում է՝ ելնելով հարուցիչ մանրէների տեսակով: Ախտանշանները նույնպես պայմանավորված են բորբոքման պատճառով ու տեսակով: Բայց կան այս հիվանդությանը հատուկ ընդհանուր գանգատներ: Բժիշկ Խաչատրյանը ներկայացնում է այն ախտանշանները, որոնք ահազանգում են օրգանիզմում ցիստիտի առկայության մասին. «Ցիստիտի առաջին գանգատը հաճախամիզությունն է, արտահայտված ցավերը կոնքի շրջանում, միզելու ընթացքում ցավ ու մրմռոցը, մեզի տհաճ հոտը, երբեմն արյունամիզությունը»:
Հաճախամիզությունն առաջինն ի հայտ եկող ախտանշանն է: Միզապարկի պատերի բորբոքման պատճառով ռեզեպտորները գրգռվում են անգամ փոքր քանակությամբ մեզի դեպքում: Բացի այդ հիվանդն անընդհատ չդատարկված միզապարկի զգացողություն է ունենում: Եթե նա այս ախտանշանները անտեսում է, բժշկի չի դիմում և չի կանգնեցնում հիվանդության զարգացումը, ապա աստիճանաբար մրմռոց է սկսվում է միզարձակության ժամանակ: Մրմռոցը զուգակցվում է ցավով, որը կարող է պահպանվել նաև միզարձակությունից հետո: Պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե ցիստիտի վերոնշյալ ախտանշանների հետ կան արտահայտված մեջքի կամ կողքի ցավեր, դա կարող է միզաքարային հիվանդության նշան լինել, եթե ունեք բարձր ջերմություն, ուրեմն օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցես է սկսվել, եթե ունեք սրտխառնոց ու փսխում, ուրեմն օրգանիզմը թունավորված է, ու եթե մեզում կա արյուն: «Ոչ մի դեպքում ցիստիտի ախտանշանների դեպքում ուրոլոգին այցը չի կարելի հետաձգել,այն լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ, — զգուշացնում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը:- Բորբոքումը միզապարկիրց կարող է անցնելերիկամներ ու պիելոնեֆրիտի առաջացման պատճառ դառնալ»:
Ցիստիտի բուժումը կոնսերվատիվ է. հակաբիոտիկային թերապիա, ցավազրկողներ և տեղային իմունիտետը բարձրացնող մոմիկներ: Հակաբիոտիկները ընտրվում են՝ ելնելով հետազոտության արդյունքներից: Պացիենտը պարտադիր մեզի բակտերիալ հետազոտություն է հանձնում: Որոշվում է, թե ինչ միկրոբային միջավայր է միզապարկում, ու ըստ այդմ էլ ընտրվում է դեղորայքը և բուժման մարտավարությունը:
Երբեմն ցիստիտի առաջացման պատճառ կարող է լինել սեռավարակը, այդ դեպքում «Արամյանց» բկ-ում բուժման սխեման ուրոլոգ Երվանդ Խաչատրյանը մշակում է գինեկոլոգի հետ համատեղ: Սա ապահովում է առավել թիրախային ու արդյունավետ բուժում:
Ցիստիտը կանխարգելելու համար բժիշկ Խաչատրյանը առաջին հերթին խորհուրդ է տալիս ճիշտ հիգիենա վարել. լվացումները կատարել վերևից դեպի ներքև, միզուկից դեպի հեշտոց, ոչ թե հակառակը, հիմնականում հենց այդպես են ախտածին մանրէները թափանցում միզուկ ու այնտեղից միզապարկ:
Իսկ եթե այնուամենայնիվ հիվանդացել եք, ուրոլոգի դիմեք հենց առաջին ախտանշանների դեպքում՝ թույլ չտալով, որ հիվանդությունը խախտի ձեր բնականոն կյանքը և բարդացումների պատճառ դառնա: