ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննություն չի իրականացվի։ ԱԱԾ-ն ընդհատել է փորձաքննությունների կատարումը։ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դա պայմանավորեց նախաքննական մարմնի՝ պատշաճ քննություն չիրականացնելու ցանկությամբ։ Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձևավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատեց այն։
«Ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը հասկացել է, որ ոչ փաստաթղթային առումով չեն կարող հիմնավորել իրենց խոսքով անպիտան հրթիռների մասը, հասկացան, որ նշանակված փորձաքննությամբ չեն կարողանալու բավարար տվյալներ ձեռք բերեն, որ այդ հրթիռները եղել են անորակ, անպիտան, հակառակը, կհիմնավորվի, որ դրանք լրիվ պիտանի և մարտական առաջադրանքներ կատարելու ունակ են։ Հնարավոր բոլոր միջոցներն անում են, որ այդ մասը շրջանցեն»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օբյեկտիվ քննության տեսանկյունից ակնհայտ է, որ հրթիռների պիտանելիության հարցը միայն հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում կարող են պարզել, դրանց պատասխանը կարող են տալ միայն փորձագետներ, իսկ նշանակված փորձաքննություններից հեռացնել այդ հարցերը նշանակում է, որ խուսափում են այդ մասով քննություն իրականացնելուց և քննությունն օբյեկտիվ ուղղությամբ տանելուց։
Ինչ վերաբերում է Տոնոյանի փաստաբանական խմբի՝ փորձաքննություններին մասնակցելու նախաձեռնության մասին տարածած հայտարարության հնարավոր ազդեցության մասին, փաստաբանը չբացառեց, որ դա ևս կարող է ազդեցություն ունենալ, սակայն հստակ չի կարող պնդել, քանի որ հայտնի չէ, թե երբ է որոշում կայացվել՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին։ Սույն որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն օրերս պահանջել է՝ հետագայում վիճարկելու համար։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։
«Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։