Հանրապետական ծննդատանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին։
«Մահճակալային ֆոնդը սպառված է, ազատված մահճակալը (դուրս գրումով կամ մահացու ելքով) ազատ է մնում առավելագույնը 15-20 րոպե։ Կան սպասողներ, որոնք հիվանդանոց են հասնում ըստ իրենց առողջական վիճակի բարդության։ Առաջնահերթությունը տրվում է թթվածնակախյալ, ցածր սատուրացիայով ծանր վիճակում գտնվողներին»,- նշեց նա։
ԱՆ մամուլի քարտուղարի խոսքերով՝ ստացիոնար բաժանմունքից դեպի վերակենդանացման բաժանմունք տեղափոխությունն էլ է արդեն դժվարություններ առաջացնում։
«Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, չնայած այն բանին, որ Առողջապահության նախարարությունը փորձում է անընդհատ նոր մահճակալներ ավելացնել։ Բայց հարցն այստեղ միայն նոր մահճակալի ավելացումով չէ, հիվանդը կարող է տանն էլ մնալ։ Բուժանձնակազմի մասին է խոսքը․ այդ մարդիկ էլ են հյուծված, այդ մարդիկ էլ են հոգնած։ Երկրում համաճարակային վիճակը խիստ լարված է», — հավելեց նա։
Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում (Հանրապետական ծննդատուն) և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ժամը 16։42-ի դրությամբ 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված, և որ սա միայն հոսպիտալացվածների թիվն է։
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Խաչատրյանն ասաց, որ նրանք բուժում են ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում և «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, սակայն հստակ տվյալներ չուներ բուժում ստացող երեխաների թվի մասին։
«Կոչ ենք անում դիմակ կրել և՛ բաց, և՛ փակ տարածքներում։ Դա շատ կարևոր է, դիմակն ինքը հավելյալ ֆիլտր է հանդիսանում։ Նաև պատվաստվելով բավականին կայուն պաշտպանիչ շերտ է ապահովվում։ Այս երկուսի զուգակցմամբ գոնե ինչ-որ չափով կկարողանանք թվերը նվազեցնել, թույլ տանք, որ հիվանդանոցային համակարգը, բժիշկները գոնե շունչ քաշեն», — եզրափակեց ԱՆ մամուլի քարտուղարը։