Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«2 ամսով կալանավորելը անընդունելի մոտեցում եւ որոշում է: Այդ գործողություերը տեղի են ունեցել 2016 թվականին, եւ Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցությունը այդ գործընթացի հետ շատ հարաբերական է, եւ այս պահի դրությամբ տեսնում ենք, որ ակնհայտ միտում կա` նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոցը փոխել եւ կալանքի տակ պահել»,- ասաց նա` հավելելով, որ կալանավորման որոշումն անպայման բողոքարկվելու է:
Նախկին պատգամավորը նշեց, որ Ջանիբեկ Հայրապետյանը բազմիցս ներկայացրել է, որ այդ դեպքի հետ ինքը առնչություն չունի: Էնֆիաջյանը չբացառեց, որ որոշակի քաղաքական նպատակներով է այս գործը վերաբացվել:
Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր երեկ: : Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում: