«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գեղարքունիքի մարզի մի խումբ ձկնորսներ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ դժգոհելով, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից։ Նրանք նշում էին, որ սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ձկնորսները դժգոհում էին նաև սահմանված չափաքանակից, քանի որ, իրենց խոսքերով, հազիվ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ ընտանիք պահելու համար։
Այստեղ առկա է խնդիր, որը միաշերտ չէ: Մի կողմից՝ իհարկե, կարևորագույն հարց է սոցիալական գործոնը, քանզի տարածաշրջանի բնակչության մի մասը հենց ձկնորսությամբ է ապրում: Մյուս կողմից՝ ոչ պակաս առաջնային նշանակություն ունի Սևանա լճում կենսապաշարի արդյունագործական նպատակով օգտագործման կանոնակարգված իրականացումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության դեմ պայքարը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս երկու խնդրի միջև «գործում» են որոշակի շրջանակներ, որոնք մի կողմից՝ շահարկելով սոցիալական գործոնը՝ «բզբզում» են թեման, այդ թվում՝ կազմակերպելով նաև «ճանապարհի փակում» օպերացիան, մյուս կողմից՝ փորձում են «կոտրել» շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որը փաստացի պատերազմ է հայտարարել անօրինական ձկնորսությանը:
Ի դեպ, նշենք, որ 2020 թվականին ընդունվել են իրավական ակտեր, որոնք միտված են կանոնակարգել վերը նշած ոլորտը: Հաշվի առնելով սիգի որսի հետ կապված նշյալ կարգավորումները՝ ՇՄ նախարարությունը այս տարի ևս նախաձեռնել էր սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլ, որի վերջնաժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 15-ը: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ միայն սահմանաչափի, այլև կոնկրետ ժամկետի հետ, ինչի մասին նախապես հայտարարված է եղել:
Միայն թե անհասկանալի է, թե ինչ 4-5 օրվա ժամկետ էր ուզում Գեղարքունիքի մարզպետը, եթե նաև ինքը պետք է տեղյակ լիներ, որ հոկտեմբերի 15-ից այլևս սիգի արդյունագործական որս չի կարող իրականացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում