Ովքեր երբևէ աշխատել են ԱԼՄ-ում, իսկ աշխատել ԱԼՄ-ում կնշանակեր ապրել այնտեղ, կփաստեն, որ բոլորիս համար դա մի շրջան էր, որը բաժանեց մեր կյանքը երկու էտապի՝ մինչև ԱԼՄ և ԱԼՄ-ից հետո:
ԱԼՄ-ն հենց ինքը՝ Տիգրան Կարպետյանն էր ու իր շուրջը հավաքվածներս, ու թեև յուրաքանչյուրս ճանաչում ու ընկալում էինք նրան յուրովի, բայց կապված էինք մի ընդհանուր թելով՝ սիրում էինք:
Ընդամենը մի քանի րոպե ու մի հայացք էր պահանջվում մարդուն ճանաչելու համար: Կոլեկտիվը դարձրել էր մի մեծ ընտանիք, որից դուրս էր մղում կեղծ ու սուտ ամեն բան:
Չգիտեմ՝ կգա՞ էլի մեկը, ով այդչափ կսիրի հասարակ, աշխատավոր մարդուն: Չգիտեմ՝ կգա՞ էլի մեկը, ով մերանի նման կկապի ու հարազատ կդարձնի տարբեր աշխարհների մարդկանց, իր ունեցածը կտա, կնվիրի ու դրանից հաճույք կստանա:
Փորձում էր խավարի մեջ մոմ վառել: Ու վառեց: Իր լուսավորած արահետներով շատերը քայլեցին, ու շատերն են դեռ երկար պարտական լինելու այն ամենի համար, ինչը կարող էր միայն երազանք թվալ: Հավատում էր Աստծուն ու թեև գիտեր, որ խիղճը քաղաքական կատերգորիա չէ, երբեք չկորցրեց իր խիղճը, չհակասեց իր սկզբունքներին, չդավաճանեց ինքն իրեն, թեև գիտեր, որ թանկ է վճարելու ինքն իրեն ու իրեն հավատացողներին հավատարիմ մնալու համար:
Ամեն ինչում այլընտրանք էր փնտրում ու ինքն էլ այլընտրանք էր մարդկանց միագույն աշխարհում:
ԱԼՄ-ականներ