Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ՄԻՊ-ը գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
Այս գրառմանը ավելի ուշ արձագանքել էր ՊՆ-ն՝ հերքելով ՄԻՊ-ի այդ հայտարարությունը. «ՀՀ ՄԻՊ-ի պնդումներն ուռճացված են․ ՊՆ-ն՝ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցման մասին»,-ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:
Այնուհետև ֆեսյբուքյան գրառմամբ նորից հանդես եկավ ՄԻՊ-ը, որտեղ, ապացույցներն ներկայացնելով, փաստեց իր տեղեկության հավաստի լինելը. «Եթե ՄԻՊ-ը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը»: