Search
Close this search box.

Ես պատվաստվել եմ, բայց արդեն 6-րդ օրն է՝ վարակված եմ COVID-19-ով․ նախարարի նախկին օգնական

Էկոնոմիկայի նախարարի նախկին օգնական Լուսինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման միջոցով հայտնել է, որ պատվաստվել է, բայց արդեն 6-րդ օրն է՝ վարակված է COVID-19-ով։

«Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյան ու Կառավարություն, էն որ թմբկահարում եք, թե պատվաստվենք, դրանից առաջ գոնե վստահ եղեք, որ գործընթացները ճիշտ են կազմակերպված։

Մեր պատմությունը գրեմ, որը վստահ եմ, միակը չէ։ Մենք գնացել ենք պատվաստման 6 հոգով, որից երեքը ռիսկի խմբում գտնվող մարդիկ էին, այդ թվում՝ դիաբետ ունեցող։ Ստացել ենք մեր առաջին չափաբաժինը, հետն էլ COVID-19-ով վարակվել ու եկել տուն։ Էսօր ինձ զանգահարել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից, որ տեսնեն, թե ոնց եմ տանում հիվանդությունը։ Իհարկե շնորհակալ եմ, որ որպես վիճակագրության մի փոքր մաս՝ ինձ էլ եք ուշադրություն դարձնում, բայց պատկան մարմիններ ջան, դրա փոխարեն ավելի լավ է՝ պրոցեսները ճիշտ կազմակերպեք։ Հիմա բացատրեմ․

Պոլիկլինիկայում պատվաստվելու համար պետք է նախ մոտենալ թերապևտին, որպեսզի անկետան լրացվի և պատրաստվի պատվաստման թերթիկը։ Էս գործընթացը կարող է տևել շատ երկար՝ հաշվի առնելով ահռելի հերթերը, ինչը բնական է, քանի որ պոլիկլինիկայի միակ խնդիրը պատվաստման կազմակերպումը չէ։ Արդյունքում, թե՛ պատվաստվողը, թե՛ քովիդով վարակված մարդը սպասում են նույն հերթում, որպեսզի սպասարկվեն։ Բնական է, չէ՞, որ երկար ժամանակ միասին հերթում սպասելուց հետո պատվաստվող մարդը ևս կարող է վարակվել՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ դիմակը ճիշտ չեն կրում (խոսքը միայն քիթը բաց դիմակ կրելու մասին չէ, այլ նաև դիմակը մի քանի ժամը մեկ չփոխելու)։

Եթե լուծումը դեռ խնդրի մեջ չեք գտել, երկու բան առաջարկեմ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ․

1․ Կարճաժամկետ լուծման համար կարող եք տեղում պրոցեսը կարգավորել։ Հեչ պարտադիր չի, որ բժիշկը լրացնի պատվաստման թերթիկը, էդտեղ եղած հարցերին ես՝ կենսաբանության իմ դպրոցական գիտելիքներով, հանգիստ պատասխանել եմ, ուստի դա կարող են անել նաև բուժքույրներն ու բուժեղբայրները։ Ավելին՝ էնպես կազմակերպեք պրոցեսը, որ հենց պոլիկլինիկայի մուտքից տարբերակվեն պատվաստման գնացող մարդիկ և ուղեկցվեն մյուսներից առանձին տարածք՝ այդպիսով բացառելով արդեն իսկ վարակվածների ու պատվաստվողների շփումը։

2․ Երկարաժամկետ լուծման համար թվայնացրեք համակարգը, որպեսի կառավարումն էլ արդյունավետ լինի։ Օրինակ՝ ամենապրիմիտիվ բանը, որը բնույթով երկարաժամկետ էլ չէ, պարզապես լրացուցիչ ծախս է պահանջում․ պոլիկլինիկայի մուտքի մոտ դրեք սարք, որի օգնությամբ մարդիկ կտրոններ կվերցնեն և կմոտենան համապատասխան հատված։ Հատուկ նշում եմ․ պատվաստվողներն ու քովիդով վարակվածները չպետք է մոտենան նույն մարդուն կամ գտնվեն նույն վայրում»։

Please enter a valid URL