Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին:
«Ի պատասխան հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետությանն և Հայաստանի Հանրապետությանը հասցեագրված մեղադրանքների, հարկ է նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների և վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած և շարունակական ջանքերի`այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, որի մասին նշվել է նույն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խոսքում`ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների: Հատկանշական է, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պետի հայտարարության, 2021 թ. սկզբից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները 140 դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, թմրանյութերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն որոշ կենտրոններին մոտ գտնվելու պատճառով, մեծ ճնշումներ է հանդուրժում`թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում:
Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից միջազգային կառույցներին ներկայացված պաշտոնական զեկույցների ՝ 2020թ. Իրանի իրավապահ մարմինները մաքսանենգներից առգրավել են ավելի քան 1,147 տոննա թմրանյութեր և մոտ 3,000 զինված բախումներ ունեցել մաքսանենգների հետ պայքարում , որի հետևանքով, ցավոք, զոհվել է տասը ոստիկան:
2021թ., չնայած տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի պայքարն, որը ահռելի ծախսեր է պահանջում, ավելի շատ արդյունքներ գրանցեց:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը հանգեցրեց նրան, որ մեծ տարբերությամբ, Իրանն թմրամիջոցների հայտնաբերման գործում աշխարհի երկրների շարքում գրանցեց ամենաբարձր ցուցանիշը:
Ափիոնից ստացված թմրանյութերի հայտնաբերման գործում վերջին տարիներին Իրանի կողմից հայտնաբերված ծավալների ցուցանիշը ամբողջ աշխարհում հայտնաբերված ընդհանուր թվի համեմատ եղել է ավելի քան 50%:
Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է Արցախի տարածքով դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր Ադրբեջանի նախագահին՝ նշելով, որ Հայաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում: