Search
Close this search box.

«Փաստ». Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում, որ պետական պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելը պարտադիր է դարձել: Օրերս էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, թե «այդպիսին է սահմանված նոր կարգը», և այդ կարգը որոշվել է կառավարությունում:

«Փաստ» թերթը դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

1.Ինչպե՞ս է սահմանվել այդ կարգը, ադյո՞ք կա համապատասխան փաստաթուղթ (շրջաբերական, ցուցում, որոշում, նորմատիվ իրավական այլ ակտ):

2.Արդյո՞ք վարչապետի լուսանկարը փակցնելը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, և նշյալ կարգին չենթարկվելու դեպքում ի՞նչ է սպասվում այդ պաշտոնյաներին:

3.Արդյո՞ք այդ կարգը սահմանվել է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է նա վերաբերվում այդ կարգին:

4.Ինչո՞ւ է վարչապետի լուսանկարը փակցվում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն է համարվում պետության գլուխը: Վարչապետի աշխատակազմից նշյալ չորս հարցին ստացել ենք աննախադեպ «սպառիչ», «համապարփակ», «հարցերի տեղիք չտվող» այսպիսի պատասխան. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նման կարգ սահմանված չէ»:

Դե, սահմանված չէ, ուրեմն՝ սահմանված չէ: Մի խոսքով, ստացվում է, որ պաշտոնյաները խիստ կամավոր սկզբունքով, բոլորը միասին հանկարծ որոշել են իրենց գլխավերևում փակցնել Փաշինյանի նկարը ու, միևնույն ժամանակ, շատ ինքնաբուխ հայտարարել, որ այդպես է պետք, այդպես է «կարգը»:

Այ քեզ «ինքնագլխություն»: Հետաքրքիր է՝ այդ պարագայում նման «ինքնագործունեությանը» ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը, և ինչպե՞ս նա կվերաբերվի, եթե նախարարներն իրենց աշխատասենյակներից սկսեն հանել վարչապետի լուսանկարը (քանզի նման կարգ սահմանված չէ) կամ ՀՀ նախագահի լուսանկարը փակցնեն՝ որպես պետության գլուխ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL