ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ, որոնք իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երևան-Սևան ավտոմայրուղին: Իսկ մարզային իշխանությունները դեռ հոխորտում են:
Ինձ դիմած Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են Սևանա լճից ձկնորսություն կատարելու արգելքի մասին։
Նրանք մասնավորապես նշում են, որ ձկնորսություն կատարելու սահմանված չափաքանակը լրացել է, ինչի արդյունքում ձկնորսական նավակները ուժով հեռացվել են տարածքից։ Իսկ մինչ այդ, չի իրացվել քաղաքացիների լսելի լինելու իրավունքը, որը դրդել է նրանց փակել փողոցը, քանզի նրանց պնդմամբ ձկնորսության սահմանված չափանաքանակը շատ փոքր է, ինչը առաջացնում է սոցիալական մեծ խնդիրներ և բազմաթիվ բնակիչներ կանգնել են իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջև։
Այս առիթով արդեն գրավոր դիմել եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցը և ներկայացնել իրականացվող օպերատիվ քայլերը՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Հիշեցնում եմ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսի 24-ին անդրադարձել եմ ձկնորսների կողմից բարձրաձայնած խնդիրին, արձանագրել մի քանի խնդրահարույց հարցեր, ձկնորսների հետ միասին զբաղվել այդ խնդիրներով և թվում էր կառավարության հետ համատեղ լուծումը գտնվել է։ Բայց ոչ, մարդիկ հայտարարում են, որ խաբված են:
Կարծում եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին պահել իրենց ընտանիքները, հոգալ ապրուստի միակ միջոցը եւ միաժամանակ կառավարելի օգտագործել մեր ազգային հարստությունը՝ ձկնապաշարները: Մենք պեռք է բացառենք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:
Հ. Գ.Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ, օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար: