Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում այսօր՝ հոկտեմբերի 20–ի վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է վարորդը, չորս ուղեւորները. եւս 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
«2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղեւորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել, որի հետեւանքով վերջինս եւ նույն ավտոմեքենայի չորս ուղեւոր մահացել է, եւս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր, որ կա 5 զոհ, 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: