Չեմ կարող պնդել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 20-ին ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պարզաբանեց, որ այժմ համալիր բանակցություններ են վարվում, որոնք ներառում են ե՛ւ սահմանին գազի գնի, ե՛ւ «Հրազդան-5»-ի, ե՛ւ գազի մատակարարումների համակարգի հարցերը։
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- նշեց պաշտոնյան։
Բաղրամյանը տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգին միացվել է նախատեսված ժամկետից ավելի ուշ, ինչը վնաս է հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
«Սակայն ամռանը գրանցվեցին դրական շատ գործոններ, որոնք փոխհատուցում են այդ կորուստները»,- նշեց նա։