«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:
Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել հաջորդ համայնքապետերի ընտրություններին, այս անգամ՝ շատ ավելի լուրջ: Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշված մարզերի պատգամավորներին ու ՔՊ ներկայացուցիչներին արդեն հորդորել են սթափ լինել, քարոզարշավն անել առանց մատերի արանքով նայելու, համայնքների բնակիչների հետ հաճախ հանդիպել, խոստումներ տալ, հակառակ դեպքում կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ:
Հավելենք, որ իշխանությունը պետք է նախապատրաստվի նաեւ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին: Բանն այն է, որ նշված օրը պետք է լինեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ: Թեժ օրեր են սպասվում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․10.21թ համարում։