ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ արված գրառմանը քրեաիրավական գնահատական չի տրվի։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Արա Գրիգորյանի նկատմամբ նյութեր էին նախապատրաստվում՝ առանց «տուժողի» բողոքի։ Քննության առարկա էր դարձվել ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում քաղաքացին վարչապետին քննադատել էր, ինչը ոստիկանությունն ընկալել էր որպես Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություն։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծվել է 137.1-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Արդեն հարուցվել է 9 քրեական գործ։