Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
«2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը:
Վոլվաչը հայտնեց, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում:
Նրա խոսքով՝ ներդրումները շատ կարևոր կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման համար: