Search
Close this search box.

«Ես չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ. գոնե մի բառ ասեիր, գոնե խոսեինք, գոնե բարկանայիր». Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Վան Սիրադեղյան գրում է.

Գիտես քո եղեւնիները մեծացել են, վարդերը բացված բուրում են։ Ջուրը խաղաղ հոսում է տանդ կողքով։ Սիրուն աշուն է։ Ամեն ինչ լուռ է։ Տան մեջ մարդիկ լուռ են։ Միայն մի կատու աղիողորմ ձայնով կանչում է դրսում։ Միշտ մտածել եմ, որ երբ գաս ես ինչ արագությամբ կսուրամ քեզ մոտ։ Կհարցնեմ,կկռվեմ, կասեմ, չեմ ասի, կմեղադրեմ կամ չեմ մեղադրի, կամ կկարկամեմ ուրախությունից։

Այսօր ես սուրում էի ու չգիտեյի դու կգաս, թե չէ։ Քեզ կբերեն, թե չէ։ Բայց շտապում էի։ Ու հասկանալի էր, որ հույսերը իրականության մեջ մթագնել են։ Ու էլ երբեք չեմ տեսնելու քեզ…

Եւ բացվեց մի հին տեսարան։ Տան կողքը դու փոքր եղբորս ձեռքը բռնած զբոսնում ես եւ ընդառաջ գալիս դեպի ինձ։ Ես էլ իմ տղայի ձեռքը բռնած դեպի քեզ եմ քայլում։ Դու արդեն 40-անց իմ սիրելի ծնողն ես, ես 20 տարեկան իմ սիրելի երեխայի ծնողը։ Բայց դու իմ ամենասիրելի մարդն ես,ու ոչ մեկը չի կարող ինձ ավելի մոտ լինել, քան դու: Դու իմն ես, քեզ չեմ տա ոչ մեկին…

Անցան տարիներ։ Ես չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ։ Այսօր համակերպված էի։ Թող բոլորի հետ լինեիր, միայն թե մեկ մեկ տեսնեի քեզ։
Թող հեռու լինեիր միայն թե ապրեիր, թող չհիշեիր ինձ, բայց ապրեիր։ Սակայն սրանք ժամանակավոր մտքեր էին սփոփանքի ճանապարհին։
Գոնե մի բառ ասեիր, գոնե խոսեինք, գոնե բարկանայիր ասեիր, լակոտ, բայց չէ դու չես խոսելու։ Ինչպես միշտ ես եմ ինքս ինձ հետ խոսելու, կռվելու, արդարացնելու քո չխոսելը։ Մի մղձավանջ կարողաների հովտում։

Մնացածի մասին հետո, հետո …
-Արփի, լակոտ, քիչ խոսիր։
-Պապ, քեզ չեմ տա ոչ մեկին։

Please enter a valid URL